Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:
Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:
— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- էլ չեմ սիրում քեզ:
— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:
Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:
— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:
— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:
— Իսկ դու գնացե՞լ ես:
— Չէ:
— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:
Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:
— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:
— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:
— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:
Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:
— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:
— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:
— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:
— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:
Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս: